Երևանի քաղաքային իշխանությունները պարտավոր են դադարեցնել խայտառակությունը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հրդեհ կանաչ ապագա

«Կանաչ ապագա» շարժումը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«2020թ.-ին՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում, Երևան քաղաքում գրանցվել է 3 խոշոր հրդեհ (Ծիծեռնակաբերդում, Նուբարաշենում և Մատենադարանի տարածքում): Այս ամենը կառավարչական աշխատանքի իսպառ բացակայության արդյունքն է: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ խոտածածկ տարածքների այսպիսի անմխիթար վիճակները կարող են հրդեհների հանգեցնել, սակայն պատկան մարմինները շարունակել են իրենց անգործության գործելաոճը և արդյունքում երեկ գրանցվել է 3-րդ խոշոր հրդեհը: Չնայած իրադարձությունների լրջությանը՝ Քաղաքապետարանը և Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում են լռել ու կոծկել քաղաքում առկա խնդիրները:

Հրդեհները բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա, ստեղծում բազմաթիվ անհարմարություններ բնակիչների համար: Հրդեհների հետևանքով աղտոտվում է մթնոլորտային օդը, խիստ վտանգվում է մարդկանց առողջությունը, ինչպես նաև վնասվում է ամբողջ տարածքի հողածածկը:

«Կանաչ ապագա» շարժումը կրկին անգամ կոչ է անում Երևանի քաղաքապետարանին հրաժարվել շրջակա միջավայրի խնդիրներին մատների արանքով նայելու այս անփույթ գործելաոճից, հնարավորինս սեղմ ժամկետներում թիրախավորել հրդեհավտանգության խնդիրն ու կասեցնել քաղաքի կանաչ ծածկույթների ոչնչացումը»:

--00--ԱԹ