Ապահովել այն, ինչ եղավ 1994 թ. մայիսին, մյուս ճանապարհները տանելու են բառախաղի. Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ երեկ ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում բանակցությունների մասին ասաց հարևան երկրի միապետը, կարելի է որակել ստացված դիվանագիտական բառախաղ, որն առանց որևէ խմբագրման կարող է օգտագործել նաև հայկական կողմը, բայց դրա հետ մեկտեղ նաև պատրաստ լինել ցանկացած զարգացման:

Տարբերակներից ամենահարմարը հետևյալն է. շարունակել հզորացնել սեփական բանակը և, հարկ եղած դեպքում՝ դիմել կանխարգելիչ հարվածի... Ասել է թե՝ շարունակել անել այն, ինչ արվել է՝ 1991-1994թ.թ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Կարծում եմ այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել այնպիսի բանակցային գործընթաց, ինչպիսին եղավ 1994-ի մայիսին և որի արդյունավետության վրա, ինչպես չէր կասկածում Ադրբեջանի հայր միապետը, այնպես էլ դժվար թե կասկածի նրա այսօրվա թագաժառանգը:

Սա է կողմերի միջև արդյունավետ բանակցությունների հասնելու միակ իրատեսական ճանապարհը, մյուս ճանապարհները միշտ էլ տանելու են, ինչպես վերևում նշեցի, դիվանագիտական բառախաղի: