ԱԱԾ-ում կան անձինք, որոնք պետք է լքեն ծառայության շարքերը. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը Եռաբլուրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԱԱԾ-ում կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ծառայության շարքերը։

«ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում ԱԱԾ-ում կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ծառայության շարքերը», -ասել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ից լյուստրացիա են պահանջում, հնարավո՞ր է նման գործողություն։

ԱԱԾ տնօրենը նաև նշել է, թե այդ պրոցեսն արդեն սկսել է․ «Կուզենայի նաև ճիշտ ընկալվի իմ ասածը, դա բնականոն գործընթաց է, այստեղ որևէ արտառոց միտք փնտրելը տեղին չէ»։

Հարցին, թե ՀՀ ԱԱԾ-ն ավելի շատ սպասարկում է ռուսական անվտանգության ծառայության շահերը, քան՝ ՀՀ-ինը, Քյարամյանը պատասխանեց. «Շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն, ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի, մեր պետության շահը»։

--00—ԼՄ