Եվրադատարանը պահանջել է Թուրքիայում ձերբակալված Դեմիրթաշի կալանքը վերացնել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պահանջել է վերացնել Թուրքիայում բանտարկված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

ՄԻԵԴ-ը վիճարկել է Դեմիրթաշի ձերբակալության իրավաչափությունը  և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում կալանքից ազատել նրան:

ՄԻԵԴ-ի պարզաբանմամբ` խախտվել են կալանավորի «ազատության և անվտանգության իրավունքը», «ողջամիտ ժամանակահատվածում դատապարտման կամ էլ ըստ դատապարտման ընթացակարգի ազատ արձակման իրավունքը», ինչպես նաև «ազատ ընտրության իրավունքը»:

Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պիտի վճարի 10.000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո` դատական ծախսերի համար:

ԺԴԿ համանախագահներից Փերվին Բուլդանն ասել է, որ Դեմիրթաշի կալանավորումը իրավական հիմքեր չունի, և ՄԻԵԴ-ն իր խոսքն արդեն ասել է:  Մյուս համանախագահ Սեզաի Թեմելլին էլ կոչ է արել հետևել ՄԻԵԴ-ի վճռին: Դեմիրթաշն ու հանիրավի դատապարտյալ իրենց բոլոր ընկերները պետք է իսկույն ազատ արձակվեն:

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Չնայած դրան 2018թ. հունիսի 24-ի Թուրքիայի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել: Դեմիրթաշը, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը  և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել են «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», « ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով: 

Ի լրումն այս մեղադրանքների` 2018թ. սեպտեմբերի 7-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել Դեմիրթաշին 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել, քանի որ վերջինս նովրուզ տոնի ժամանակ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն էր իրականացրել: