Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է Մեծի Տանն Կիլիկիո ազգային առաջնորդարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Thumbnail

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին Արցախի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման և հայապահպանության գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: