Կալիֆորնիայի հայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից է. Բակո Սահակյանը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի    20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն - 2018»-ի շրջանակում կազմակերպված տարեկան ընդունելությանը:

Ելույթի ժամանակ  նախագահը «Հայաստան» hամահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացված աշխատանքը որակել է «հսկայածավալ»՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, որոնք մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարևորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:

«Ամերիկահայությունը, մասնավորապես Կալիֆորնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, և ամեն անգամ, այցելելով այստեղ, մենք յուրահատուկ լիցք ենք ստանում՝ տեսնելով հայրենասեր, հայրենիքի հոգսերով ապրող, հոգով ու սրտով նրա անբաժան մասը կազմող մեր հայրենակիցներին: Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով»,- ասել է Բակո Սահակյանը:

Անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նախատեսվող աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ դրանց իրականացումը կարևոր դերակատարություն կունենա մեր հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովման գործում:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս միասնական ջանքերով կյանքի կկոչվեն բոլոր նախատեսված ծրագրերը: