Նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից տեղափոխվեց Բաղրամյան 26․ ԱԺ նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26:  «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» ՀՀ օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է ԱԺ արտահերթ նիստում:

«Նախատեսվել էին պաշտոնատար անձանց գործունության ապահովման դրույթներ: Վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը: Զուգահեռաբար  կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, հետագայում այն հանձնվեց վարչապետի աշխատակազմին: Ստացվեց, որ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ կարծում է, որ վարչապետը  կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող  Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը նաև հանրապետության գլուխն է»,-ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ տեղափոխությունն ունի խորհրդանշական բնույթ7:

Նախագծին կողմ է քվեարկել 54 պատգամավոր, ձեռնպահ` 2, որոշմանը դեմ պատգամավոր չկա: