2018-ի հունվարից նոյեմբեր բուժհաստատություններում կոռուպցիայի դեպքով 41 քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

2018 թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բուժհաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դեպքերը վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:

Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է 15.113.644 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ: