Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․«Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Գագիկ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորումն անփոփոխ թողնելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 27-ի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ աղբյուրի՝ Փաստաբան Երեմ Սարգսյանը պահանջել է վերացնել Գ. Խաչատրյանի կալանավորումը և նրա նկատմամբ կիրառել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Խաչատրյանը, չնայած առողջական խնդիրներին, արդեն 1 տարի է, ինչ կալանավորված է։ Նա ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։

Աղբյուրը հատկանշական է համարում այն, որ Խաչատրյանի վերաբերյալ հուլիսի 21-ին, միջանկյալ միջոց կիրառելուց զատ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթությունը շնորհել է Խաչատրյանի առողջական վիճակից ելնելով, ինչը ենթադրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և առողջության իրավունքից։

--00—ԼՄ