Ուժի մեջ են մտել հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների սանիտարական կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարի 2020 թ. սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից):

Հրամանով սահմանվում են աշխատանքի ընդհանուր կազմակերպումը, հաստատություններում կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, հաստատությունների տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջները, հաստատությունների սովորողների համար ներկայացվող պահանջները, հաստատություններում սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաստատություններում սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։ Հրամանով հաստատվել են նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների, սովորողների և անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։

Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել՝

դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ.

ձեռքերի լվացման հնարավորություններ, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ).

թափոնների հեռացման համար փակվող «օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ.

հեռահար ջերմաչափ։

Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես՝

մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.

սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն ԱՆ 2020թ․ սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ, լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում.

առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ.

ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները:

Հրամանին ամբողջությամբ՝ հետևյալ հղումով:

 --00—ՄՀ