Փամբուխչյանի մանդատը կփոխանցվի Գոռ Երանյանի․ նա սկզբում հրաժարվել էր մանդատը վերցնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

Փամբուխչյան

ՀՀ Ազգային ժողովի՝ արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը կփոխանցվի պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանին։ Նա «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակի 86-րդ համարն է։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։

Գոռ Երանյանը աշխատում է ԳԱԱ Պատմության ինստիտուտում, Մատենադարանի Արևելագիտության բաժնում, ինչպես նաև «Սիվիլնեթում»՝ որպես Թուրքիայի ու Ադրբեջանի հարցերով մասնագետ։ 2017-2020 թվականներին դասավանդել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։

ՀԺ-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածուն ասաց, որ ավելի վաղ ԿԸՀ-ում դիմում էր գրել՝ մանդատից հրաժարվելու մասին, սակայն քիչ առաջ նոր դիմում է գրել նույն հանձնաժողովում, որով հրաժարվել է նախորդ դիմումից եւ համաձայնել ստանձնել մանդատը։ Առաջիկայում ԿԸՀ-ում կքննարկվի իր այդ դիմումը, քննարկմանը կհրավիրվի նաեւ ինքը, եւ եթե որեւէ խնդիր չլինի, մանդատը նրան փոխանցելու որոշում կկայացվի:

Մեր հարցին, թե ինչո՞ւ էր մանդատից հրաժարվելու դիմում գրել եւ ինչու փոշմանեց՝ Երանյանը պատասխանեց. «Դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, որից դժվար էր հրաժարվել»: Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Իմ քայլից» են համոզել, նա բացասական պատասխան տվեց՝ վստահեցնելով, որ երկու որոշումներն էլ ինքն է կայացրել։ «Իմ քայլից» միայն ողջունել են իմ որոշումը, այն միայն դրական արձագանքների է արժանացել։

Խոսելով պատգամավորական աշխատանքին զուգահեռ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորության մասին՝ Երանյանը հիշեցրեց, որ ինքը կարող է զբաղվել միայն գիտամանկավարժական գործունեությամբ, ուստի առաջիկայում իր գործատուների հետ կքննարկի հնարավորությունները:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իրեն խորհրդարանում, ի՞նչ խնդիրներ է տեսնում, որոնց լուծմանը կցանկանա ձեռնամուխ լինել մանդատը ստանալուց հետո, ապագա պատգամավորը չցանկացավ պատասխանել՝ առաջարկելով փոքր-ինչ սպասել: Միայն հավելեց, որ կան հարցեր, որոնց շուրջ մտածում է:

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակը»

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս