Մշակույթը հազարամյակների կուտակումների արդյունք է․ կորուստներն անդառնալի են․ Հ․ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ազգայի՞ն, թե՝ ինտերնացիոնալ ճարտարապետություն:

Գլոբալիզացիան բնական, պատմական երևույթ է: Գիտության աննախադեպ զարգացումներըը բերում են աշխարհի ժողովուրդների ու մշակույթների միացմանը, միաձուլմանը: Աշխարհը, կարծես, փոքրացել է: Այս պրոցեսները անխուսափելի են ու ազգային մշակույթների համար չափազանց վտանգավոր: Դրանք վերջ ի վերջո բերելու են տարբեր ժողովուրդների՝ դարերով կուտակած մշակութային արժեքների անհետացմանը, ոչնչացմանը: Ի հայտ է գալու մի նոր, համամարդկային մշակույթ, որը ցավոք իր բնույթով սպառողական գաղափարներով հագեցած մշակույթ կլինի:

20-րդ դարը այս գլոբալիզացման երևույթներին դիմակաելու, չհանդուրժելու վերջին դարաշրջան էր: Դեռ պահպանվում էին ագային ավանդույթներն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ՝ մշակութային առանձնահատկությունների տեսքով:

Հայկական ազգային հենարանը՝ կորցնելով ճարտարապետությունը, կորցնում է իր առանձնահատուկ դիրքը համաշխարհայինի մեջ՝ գրավելով դեռևս հնարավոր պրովինցիալ դիրքերը:

Ազգային ճարտարապետության գեղագիտական արժեքների ու ավանդույթների կորուստը իհարկե ողբերգություն է: Մյուս կողմից՝ կա՞ արդյոք ռեալ հնարավորություն՝ խուսափելու գլոբալիզացման պրոցեսների նեգատիվ ազդեցությունից, եթե աշխարհը անխուսափելիորեն գնում է միաձուլման ճանապարհով:

Ճարտարապետությունը՝ լինելով տարածության, միջավայրի կազմակերպման արվեստ, պետք է արտահայտի տեղի լանդշաֆտը, կլիման և այլ բնական պայմանները, ինչպես նաև ազգային սովորույթները, ապրելակերպի առանձնահատկությունները, ավանդույթները: Եվ այս փնտրտուքներում պետք է փորձել մնալ նոր ձևերի ու ավանդականի ընդունելի համաչափությունների շրջանակներում: Ճարտարապետությունը հենց ճիշտ համաչափություններ գտնելու արվեստ է:

Իհարկե՝ լինում են փորձեր՝ կրկնելու ավանդական ճարտարապետական ձևեր, կառուցել XVIII-XIX դարերի ճարտարապետության նմանակումներ: Այդ օրինակները իհարկե միամիտ ու ծիծաղելի են:

Ալեքսանդր Թամանյանից մինչև Ռաֆայել Իսրաելյան կերտվում էր նոր ազգային ճարտարվեստը:

Հետո՝ 20-րդ դարի կեսերից, մոդեռնիզմի ու հետո պոստմոդեռնիզմի շինությունների հեղինակները փորձում էին գտնել ազգային ճարտարապետության նոր ձևեր ու տրամաբանություն: Պատկերացումները նոր հայ ազգային ճարտարապետության հատկանիշերի մասին հենվում էին ձևի ու բովանդակության միասնության, կոնստրուկտիվ կառուցվածքի ու ծավալի անբաժանելիության, շրջակա միջավայրի հետ համատեղության, հնարավոր քիչ միջոցներով առավել մեծ արտահայտչականության հասնելու կարողության ու վերջապես՝ մեր ճարտարապետական ժառանգությանը հատուկ, զուսպ գեղեցկության գաղափարների վրա:

Սովետական տարիներին ստեղծված հայկական ճարտարապետությունը բարձր գնահատականի էր արժանանում միջազգային ասպարեզում՝ հենց իր, ցայտուն արտահայտված ազգային հատկանիշերի շնորհիվ: Այսօր, դժբախտաբար, մեր ճարտարապետության որակը իր նախկին բարձունքներից իջել է անթույլատրելի ցածր մակարդակի: Իրավիճակը շտկելու համար պետք է կարողանալ գտնել ազգայինի ու ժամանակակից ճարտարապետության ոսկե համաչափությունը, նոր լեզուն, որը հասկանալի ու ընդունելի կլինի աշխարհի համար: Գտնել այսօրվա ճարտարապետության նոր տրամաբանությունը, նոր փիլիսոփայությունը:

Խնդիրը բարդ է: Լուծման հնարավոր միջոցները գտնելու համար հարկավոր կլինի բոլորիս՝ ճարտարապետների ու արվեստաբանների ուժերի լարում, ամենօրյա հետևողական աշխատանք:

Գործող շնորհալի ու մտածող ճարտարապետների նոր սերունդը կարող է հասնել հաջողության: Բայց դրա համար պետք է չմոռանալ նպատակը, սթափ գնահատել իրողությունը ու կարողանալ զսպել պատրաստի օրինակներն ու ազգային ճարտարապետության ձևերի ֆորմալ, անիմաստ կրկնելու գայթակղությունը: Պետք է վերականգնել մասնագիտական լուրջ ու անաչառ քննարկումների ավանդույթը:

Օրինակ՝ բարձրահարկ շենքի վերջին հարկում կամարների օգտագործումը որպես ազգային ճարտարապետության հատկանիշ, միամիտ հնարք է: Ասենք, որ կամարը, որպես կոնստրուկտիվ միջոց հնուց կիրարվում էր շատ ազգերի կողմից: Այն չունի բուն հայկական ծագում: Արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանում կառուցվող բնակելի տունը ունենա հայկական դիմագիծ ու տարբերվի նույն կառուցվածքը ունեցող Մոսկվայում կառուցվողից: Իհարկե հնարավոր է: Մենք հեշտությամբ կարողանում ենք զանազանել ճապոնացուն ու հնդիկին, հային ու ռուսին, չնայած նրանք բոլորը ունեն նույն կառուցվածքը:

Մի բան պարզ է, որ տուրք տալով առկա գլոբալիզացման պրոցեսներին, ստեղծել անդեմ, անհասկանալի ՛՛համաշխարհային՛՛ ճարտարապետություն չի կարելի, քանի որ այդ ճանապարհին կկորցվեն պատմության խորքերից եկող, անգին գեղագիտական, մշակութային արժեքներ:

Մշակույթը հազարամյակների կուտակումների արդյունք է: Կորուստները անդառնալի են»:

--00--ԱՀ