ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու համար հատուկ հանձնախումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների քննությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը:

Քննության համար կպահանջվի 10 օր: «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն ասել է, որ դեպքի հետաքննությունը նպատակ ունի կանխելու նման դեպքերի կրկնությունը: Թե ինչն է եղել ողբերգական միջադեպի պատճառը, Ներադկոն հրաժարվել է պատասխանել մինչ հետաքննության ավարտը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին հարվածել էր անհայտ հանգամանքներում թռիչքուղում հայտնված տղամարդու, որը մահացել էր։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ի հետ զրույցում հաստատել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վրաերթի ենթարկված անձը ՀՀ քաղաքացի է։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ քաղաքացին ուներ Հայաստան վերադարձի վկայական։

«Դա տրվում է տարբեր պայմաններում։ Պարտադիր չէ, որ նա արտաքսված լինի։ Հնարավոր է՝ անձնագիրն է կորցրել կամ այլ բան։ Քաղաքացին «տրանզիտով» է հատնվել Մոսկվայում»,- ասել է Աննա Նաղդալյանը։