ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է «Կովկաս-2020» զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը:

Զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ, կատարելագործվել է համատեղ խնդիրների կատարման ժամանակ ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժությունների՝ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու պետությունների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

--00--ԱՀ