ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

հանդիպում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:  

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է, որ ուշի-ուշով հետևել են վերջին երկուսուկես տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքերով, իրականացվող բարեփոխումները վերջնականացնում են հեղափոխության օրերին սկիզբ առած գործընթացները: Եվրամիության անդամ Լիտվայի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պատրաստ են աջակցել մեր երկրին բազմավեկտոր բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ողջունելով դիվանագետին՝ նախարար Ա.Հարությունյանը ներկայացրել է կատարված և ընթացիկ աշխատանքները․ նա նշել է, որ արդեն փոխվել են նախադպրոցական կրթության, հանրակրթության մասին օրենքները, վերանայվում է Հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանառվում է բուհերի ու գիտության բնագավառները կարգավորող օրենքի նախագիծը, մշակման փուլում են ոլորտային ռազմավարությունները:

Նախարար Ա.Հարությունյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը` փաստելով, որ Հայաստանի դպրոցների շուրջ կեսում արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։ Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված են ԲՏ ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։ Տիկին Ի.Ստանիտե-Տոլոչկինեն նաև անդրադարձել է լիտվացի ճարտարապետ Յուրգիս Բալտրուշակտիսի անվան կրթաթոշակի հաջողությամբ իրականացվող ծրագրին և եկող տարի մշակույթի բնագավառում երկկողմ նախագծեր և սպորտի ոլորտում մրցաշարեր անցկացնելու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ կարևորելով Լիտվայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-լիտվական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր:

--00—ՄՀ