ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա որոշել իր կարգավիճակը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ խոսել է նաև ադրբեջանցիների կողմից հուլիսին սանձազերծած ագրեսիայի մասին:

«Տիկնայք և պարոնայք,

Չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մենք ականատես եղանք մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի:

Հուլիսին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ագրեսիվ գործողությունը: Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ:

Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ:

Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի:

Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:

Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը:

Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն:

Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են»,- ասել է նա:

--00--ԱԹ