Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ բարձրաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացման ժամանակ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության մասին:

«Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան  տարածաշրջաններում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:
 
Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:

Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար: 

Այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Ձերդ Գերազանցություններ, 

Չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին:

Տիկնայք և պարոնայք, 

Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը: 

2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները, կատարելապես արտացոլում է 2018-ի Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:

Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:

Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա:

Տիկնայք և պարոնայք, 

Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մեզ ստիպում է ընդունել մարդկային արժանապատվության և մարդու իրավունքներին սպառնացող բազմաթիվ մարտահրավերների առկայությունը: Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը:

Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին: 

Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է:

Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: 

Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:

Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:

Ձերդ գերազանցություններ, 

Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:

Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը:

Ինչպես միշտ, մեզ անհրաժեշտ է արդյունավետ բազմակողմանիություն և հետևաբար, ուժեղ և բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպություն՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասել է նա:

--00--ԱԹ