Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկը 9 տարեկան աղջնակ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

տատ

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերահսկելի է: Քաղաքացիական բնակչության շրջանում կան 10-յակ վիրավորներ, 2 զոհ՝ տատ ու թոռ: Թոռնիկը 9 տարեկան է եղել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե մի քանի բնակավայր են գրավել, ապատեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ