Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայ ժողորդին կոչ է արել համախմբել հայրենիքի պաշտպանության գործի շուրջ: Սինյանյանի տեսաուղերձը հրապարակվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը»,- նշել է Սինանյանը:

Զարեհ Սինանյանը հավելել է, որ այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը:

«Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին»,- ասել է Զարեհ Սինանյանը:

--00--ԱՀ