ՀԲԸՄ կենտրոնական վարչությունն աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՀԲԸՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները նույնպես թիրախավորվել են։

Մեր քաջ զինված ուժերը հաստատակամորեն պատասխան հարված են հասցնում և բավականաչափ վնասներ պատճառում տխրահամբավ հակառակորդին՝ հետ պահելու համար նրան կործանիչ պատերազմի ճանապարհից։

Այս դժվարին և փորձություններով լի պահին յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրելիս լինենք, պետք է կանգնենք մեր Հայրենիքի կողքին և առաջարկենք հնարավոր ցանկացած օժանդակություն։ Բոլոր կազմակերպությունները պետք է իրենց արդար բաժինը ներդնեն՝ պաշտպանելու համար մեր հողը, տունը և ազգային արժանապատվությունը։

Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, առաջնորդների իմաստության և մեր ազգի հաղթական ոգու վրա։

ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարություններին և կոչ անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի ղեկավարությանը։

Միությունը զորություն է»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 31 զինծառայող։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու, վիրավոր է 30 քաղաքացի։

--00—ՄՀ