20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

նախագահ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով։

«Մենք երեկ հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում նախագահի դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հակամարտությունը և հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»։

Աբրահամյանը նշել է նաև որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայերեն, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար՝ չկա, անհնար է ուղարկել։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Եվս մի քանի հարյուր, հազարին մոտ ռուսներ հայտնել են, որ պատրաստ են կամավոր մեկնել Արցախ, բայց մենք ասացինք շնորհակալություն»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 31 զինծառայող։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու, վիրավոր է 30 քաղաքացի։

--00—ՄՀ