Թուրքիան և Իսրայելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին սպառազինություն են մատակարարում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News 

ճաղարյան
 

Թուրքիան և Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:

Հայաստանը պարտական է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:

Դա կարող է լինել`

1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:

Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,

2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով

Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի և Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 31 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ