Ճապոնիան կոչ է անում դադարեցնել ԼՂ շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

քաղաքական

Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Յոշիդա Տոմոյուկին:

«Ճապոնիան լրջորեն մտահոգված է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցող զինված դիմակայության կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան: Ճապոնիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ցուցաբերել առավելագույն զսպվածություն վերսկսել երկխոսությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումը կարևորագույն նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- նշել է Տոմոյուկին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ Ճապոնիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:

«Ճապոնիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը և հույս հայտնում, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում տեղի կունենա»,- ասել է Յոշիդա Տոմոյուկին:

--0--ԿԿ