Կաթողիկոսը հանձնարարականներ է տվել Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Գարեգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպում ունեցավ հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։

Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։

Նորին Սրբությանը նախ զեկույցներ ներկայացվեցին Արցախում տիրող իրավիճակի և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերյալ, անդրադարձավ նույն օրը Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։

Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց Քույր Եկեղեցիների հովվապետերին, կրոնապետերին և մի շարք երկրների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուներին ղարաբաղյան հակամարտության՝ Արդբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրություններ առաքելու մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մայր Աթոռի կառույցների և թեմերի կողմից առկա կացության առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ի զորակցություն Արցախի և հայոց բանակի։

Թեմակալ առաջնորդներին կփոխանցվի Նորին Սրբության թելադրությունը՝ մասնավոր հովվական խնամք և հոգատարություն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհված զինվորների սգացյալ ընտանիքներին, եկեղեցականների այցելություններ կազմակերպել հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին։ Կարևոր նկատվեց թեմերում հոգևոր հովիվների քաջալերությունը և զորակցությունը զինվորագրվող և Արցախ մեկնող կամավորական խմբերին։ Շրջաբերական կառաքվի նաև սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին ըստ ամենայնի զորակցելու ցուցումներով։

Որոշվեց սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։

Ձեռնարկվելիք մնացյալ քայլերի մասին կծանուցվի առաջիկայում։ 

--00—ԼՄ