Խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

Արայիկ Հարությունյան

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։

Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։

Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով։

Վերոնշյալ թեժ գիծը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։

--00—ՄՀ