Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 22, 24News

Thumbnail

Այսօր՝ նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում Երևանի ժամանակով 22:00-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը կտևի է 12 ժամ, որն ուղիղ եթերով կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:

Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի  21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: 

Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար:

Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: 

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսել ենք Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը:

Նշենք, որ ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցել կարող է յուրաքանչյուրը։ Նվիրատվություն կարելի է կատարել՝ այցելելով  կայք՝ օնլայն փոխանցումով, ուղարկելով sms 8000 համարին (մեկ sms-ի արժեքը՝ 1000 դր․) կամ զանգահարելով 0-9000-8000 հեռախոսահամարին (մեկ զանգի արժեքը՝ 1000 դր․),կամ այցելելով Հիմնադրամ: