Զինծառայողներ Հակոբ Զարգարյանը, Սոսիկ Ղազարյանը և Աշոտ Քարամյանը ողջ են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

զինվոր

Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, հայտնում են Պաշտպանության բանակից։

«Եվս մեկ անգամ հայցում ենք մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը», - նշված է ՊԲ հաղորդագրությունում։Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։   Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

--00—ՄՀ