Կառավարությանը տնտեսության զորահավաքային նոր պլան հաստատելու իրավասություն կտրվի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը:

 Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

--00--ԱՀ