Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել.The Washington Post

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիային, ինչպես նաև դրանում Թուրքիայի ներգրավվածությւան մասին:

Ըստ հոդվածագիր Դեյվիդ Իգնեշիուսի՝ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն է հայտնել, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել:

Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ նաև ասել է, որ Թուրքիան անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ՝ Հարավային Կովկասում, ինչն ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար:

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ, բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից՝ հակամարտության վերսկսումից ի վեր, Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով: 

Դեյվիդ Իգնեշիուսն անդրադառնում է նաև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ աշխարհի երկրների դիրքորոշմանը:

«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասաց, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ:

Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ»,-գրում է հոդվածագիրը, ապա հավելում, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև:

Փաշինյանը նաևր նշել է, որ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրից, ինչպես նաև կոչ է արել զերծ մնալ սրվող հակամարտությանը մասնակցելուց՝ «անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային»:

 

--00—ԼՄ