ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց` Արցախում հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

․

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետությունում հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ:

Զեկույցը՝ ստորև.

«Հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում մարդու իրավունքների լայնածավալ, դաժան, համակարգված և դիտավորյալ խախտումները՝ զեկույցը նպատակ ունի արհեստավարժ կերպով ներկայացնելու իրավիճակը և հորդորելու միջազգային իրավապաշտպան համայնքին դիտարկելու այն և արձագանքելու պատշաճ կերպով:

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով ռազմաօդային ուժեր, զրահատեխնիկա, հռթիռահրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման են անցել արցախա-ադրբեջանական պետական սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային և հրետանային հարձակումներով առանց տարբերակման և նպատակային թիրախավորվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները, ինչը հանգեցրել է բնակչության շրջանում զոհերի և վիրավորումների, ինչպես նաև հանրային ու մասնավոր սեփականության լայնամասշտաբ վնասների: Զեկույցի հրապարակման պահին քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել էր 11 զոհ և ավելի քան 60 վիրավոր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքները պարզելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի նախնական արդյունքները սեպտեմբերի 27-30 ժամանակահատվածի կտրվածքով ներկայացվում են սույն միջանկյալ զեկույցում:

Զեկույցը հրապարակելուց անմիջապես առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական հրետանին հերթական անգամ հասցեական ու դիտավորյալ կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով զոհվել են 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձինք, ներառյալ՝ մի քանի լրագրող, որոնցից երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ: Զեկույցի առաջին բաժնում ներկայացված վիճակագրության մեջ ներառված չեն Մարտունու նշված հրետակոծության հետևանքները՝ տվյալների ու ժամանակի սղության պատճառով:

Ներկայացված տվյալների համար հիմք են հանդիսացել՝

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների կողմից բժշկական հաստատություններ կատարած այցերի արդյունքում ձեռք բերված փաստերը,

Հրետակոծության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային և նյութական վնասների վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տվյալները,

Վստահելի բաց աղբյուրներում, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում արձանագրված տվյալները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00--ԱՀ