Վրաստանը պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին երկխոսության հարթակ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին Թբիլիսիում ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի համար բանակցությունների հարթակ տրամադրել:

«Ես ցանկանում եմ դիմել երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, որ հնարավորինս շուտ վերականգնվեն բանակցությունները երկու երկրների միջև, ուզում եմ նրանց կոչ անել դադարեցնել կրակը և նվազեցնել լարվածությունը: Մենք պատրաստ ենք դա անել: Մենք դա կարող ենք անել այստեղ՝ Թբիլիսիում, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություն: Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչ ցանկանում են կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նախագահը նաև դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում իրենք մեծ դեր ունեն: Զուրաբիշվիլին հորդորել է ԵՄ-ին՝ միջամտել տեղի ունեցողին և նպաստել կրակի դադարեցմանը, քանի որ կովկասյան բոլոր երեք երկրները «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցներ են: 

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը ԵՄ շահերից է բխում: ԵՄ-ն պետք է իր ուժերն օգտագործի՝ հանուն խաղաղության և իրավիճակի դեէսկալացիայի»,- ասել է նա:

--00--ԱԹ