Մենք պետք է 1 միլիարդ դոլար հավաքենք, հսկայական պոտենցիալ ունենք․ Արշամյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, որ բարձր է գնահատում հանգանակության ընթացքը, քանի որ դրան մասնակցում են բոլորը։ Արդեն հավաքվել է շուրջ 23 միլիոն դոլար։

«Մեր ամենամեծ նվիրատվությունը 500 հազար դոլարն է, որ Մայր Աթոռն առաջին օրը միանվագ փոխանցեց։ Մասնակցությունը Սփյուռքում՝ հատկապես Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում և Ֆրանիսայում շատ-շատ բարձր է։ Կալիֆորնիայի հայ համայնքը փոխանցել է շուրջ 7 միլիոն դոլար, Ֆրանսիան մոտ 700-800 հազար դոլար է հավաքել։

Այստեղ մի խնդիր կա, ուր են այն մարդիկ, ովքեր խոշոր բարերարներ են, խոշոր բիզնեսմեններ են։ Խոսքը թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի բարերարների մասին է։ Սփյուռքի բարերարների հետ աշխատանքներ տանում ենք և շատ շուտով դուք կլսեք մեծ թվերի մասին։ Կարճ ասած, այս գումարի մեջ Հայաստանի բիզնեսների կողմից փոխանցած գումարը կազմում է 2 միլիոն դոլար»,- նշեց Արշամյանը՝ հիշեցնելով՝ հիմնադրամը միակ խողովակն է, որն օգտագործվում է դրամական հոսքերի համար։

Հենց հիմա կայքում մոտ 2 հազար այցելու կա, նշեց հիմնադրամի գործադիր տնօրենն ու հիշեցրեց երեկվանից սկսված ֆլեշմոբի մասին, որ ցանկացած հայ աշխարհի տարբեր ծայրերից պետք է իր խնայողությունից 100 դոլար նվիրաբերի հայրենիքի պաշտպանությանը։

«Մենք սպասում ենք առաջին 1 միլիոն տվողին՝ հատկապես Հայաստանից։ Մենք պետք է 1 միլիարդ դոլար փող հավաքենք։ Մենք հսկայական պոտենցիալ ունենք։ Այս գումարը, որ հավաքել ենք, մեր ունեցած պոտենցիալի շատ չնչին տոկոսն է»,-եզրափակեց Արշամյանը։

--00--ԱՀ