Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

ԱՄՆ

Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացրել է, որ մեքենաների երթով շարժվել են Փասադենա քաղաք, որտեղ քաղաքապետարանի առջև անցկացվել է բողոքի ցույց։ Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և հույս հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:

Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Գլենդելում՝ Արցախի պողոտայում։ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում՝ հաջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Ցույցերի մասնակիցները Ադրբեջանին ու Թուրքիային սանձելու կոչերը հնչեցնում են նաև օտար լեզուներով. Եվրոպայից ԱՄՆ մեկնած հայերը հորդոր են հղում այն երկրների լեզուներով, որտեղից եկել են իրենք:

Լոս Անջելեսում տոնել են նաև լռության պատը կոտրելու հաղթանակը. CNN-ը հոկտեմբերի 3-ին անցկացված բողոքի ցույցերից հետո անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ