Մարուքյանը վարչապետին առաջարկում է ներկայացնել, թե ինչ է խոսել ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Մարուքյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցությունների պատգամավորներին կոչ է արել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցնել թե օրինակ՝ ի՞նչ հարցեր է նա քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։

«Վաղը հարցուպատասխանի ժամանակ չեմ կարող այդ հարցերը տալ վարչապետին։ Առաջարկում եմ յուրաքանչյուր խմբակցությունից մեկ կամ երկուական մարդ, վարչապետին հարմար ժամի հանդիպում կազմակերպել։ Մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք այդ խոսակցություններից և որևէ ձևով դրա մասնակիցը չենք դառնում։ Մի գլուխը լավ է, երկու գլուխը ավելի լավ է, երեքն՝ ավելի, և լուծումները կգան ընդհանուր կոնսուլտացիաներով», - առաջարկեց Էդմոն Մարուքյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ