Արցախի հերոսի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում, հայրը արտագնա աշխատանքի է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում, հայրն արտագնա աշխատանքի է մեկնել։
«Դավիթի մայրը թեյի արտադրությունում է աշխատում, հայրն էլ այս համավարակի պատճառով չի կարողանում վերադառնալ հայրենիք։ Ինքը՝ Դավիթը, նորմալ, խելացի տղա ա, ձյուդո, կառատե ա պարապել, շախմատի խմբակ է գնացել։ Նորմալ, համեստ երիտասարդ է»,-24News-ին հայտնեց Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը»։

Նա նշեց, որ Դավիթը երկու քույր ունի, որոնք ամուսնացել են․ «Շատ լավ ընտանիք ունի, կայացած ընտանիք է։ Հողագործությամբ են զբաղվում, խաղողի այգի ունեն»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում է շնորհել Դավիթ Գրիգորյանին, Էդվարդ Մարկոսյանին, Յուրա Ալավերդյանին, Դավիթ Ղազարյանին, գնդապետ Շաքարյանին։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով պատերազմին, հասցրել է Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ։ Շարունակում է ծառայել՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է թշնամու 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա։
Նրանք երեքն է ժամկետային զնծառայողներ են։ Իսկ գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյամարտի աաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։

Դավիթ Վանիկի Ղազարյանը Արցախի հերոսի կոչումը ստացել է հետմահու։Ննա կռիվը վարել է ոչ մի քայլ հետ սկզբունքով, կատարել է հերոսություն։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ