Իտալական «Լեգա» կուսակցության երիտասարդներն աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Իտալիա

Հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնելու նպատակով հոկտեմբերի 5-ին Իտալիայի ընդդիմադիր «Lega» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել Հռոմի քաղաքապետարանի խորհրդական և քաղաքապետարանում «Lega» խմբի նախագահ Մաուրիցիո Պոլիտին, սենատոր Վիլյամ դե Վեկիսը և այլք, ցույց են անցկացրել Իտալիայում ՀՀ դեսպանությանը հարակից հրապարակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցույցի ընթացքում մասնակիցները վանկարկել են «Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում: Այդ տարածքը Ադրբեջան չէ» բառերը և ցուցադրել են «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Համերաշխություն հայ ժողովրդին» գրառումներով պաստառներ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ