ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության են արժանացել երեխաներն ու տարեցները:

Մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կացարաններում կամավոր աշխատանք կատարող քաղաքացիներն այցերի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ քննարկվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, բնակության պայմանների, սննդի, հագուստի, երեխաների կրթության իրավունքն անխոչընդոտ ապահովելու, տարեցների սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման  և այլ  հարցեր:

Կացարաններում բնակվող անձանց կողմից բարձրացված մի շարք հարցեր տեղում ստացել են լուծում:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են և ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն մարդկանց խնդիրները լուծելու համար:

Արցախից ժամանած անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո:

--00--ԱՀ