Որ դեպքում Թուրքիան կդառնա պատասխանող կողմ. ՄԻԵԴ որոշման հետքերով․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

միեդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Մասնավորապես, նրանք կոչ արեցին ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Նշենք, որ Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը եւ շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին, իր եւ Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի, եւ, ահա, այն բավարարվեց:

Իհարկե, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներն առհասարակ շատ կարեւոր են, այս անգամ էլ եւս, սակայն նկատենք, որ սա միայն հայտարարություն է եւ այս պահին գործնականում ոչինչ չի տալու, եւ ՄԻԵԴ որոշումը մնալու է հայտարարությունների մակարդակում: Թուրքիան կարող է դառնալ պատասխանող կողմ, եթե միայն նրա դեմ հայց ներկայացվի Եվրոպական դատարան, սակայն այս պահին նման որոշում առկա չէ: Այսինքն՝ կրկին հայտարարություն եւ ուրիշ ոչինչ:»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում