Խաղաղ ցույց Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ հաջակցություն Արցախի անկախության ճանաչման

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Միլան

Հոկտեմբերի 6-ին Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի է ունեցել խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտնել են Միլանի հայ համայնքից:

Ցույցի ընթացքում հնչել են կոչեր՝ ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչման։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից  ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակից իտալացիներն արտահայտել են իրենց զորակցությունը հայրենիքում գտնվող իրենց հայրենակիցներին։  

Ցույցի ընթացքում Իտալիայի հայոց միության նախագահ Պայքար Սվազլըեանը խոսել է այն մասին, որ Իտալիայի հայոց միության կողմից Իտալիայի նախագահին, Իտալիայի վարչապետին, ինչպես նաև արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց դիրքորոշումը Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ