Ոչ ոք ռիսկ չի արել՝ գնա, ասի, որ փոխգնդապետը զոհվել է․ Վահագն Սարգսյանը 3 երեխա ուներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի փոխգնդապետ Վահագն Սարգսյանը։
«Նա մի տղա, երկու աղջիկ ունի։ Ստեփանակերտում էր ծառայում, շտաբի պետի տեղակալ էր»,-24News-ին հայտնեց Ապարանի համայնքի ղեկավարի տեղակալը։

Հարցին, թե ինչպե՞ս են ընտանիքի անդամներն իմացել Սարգսյանի մահվան մասին, նա պատասխանեց․ «Բարեկամների, հարազատների միջոցով ենք տեղեկացրել, անմիջապես չենք ասել, ոչ մեկս ռիսկ չի արել՝ ինքը գնա, ասի»։

Նա ընդգծեց, որ հակառակորդի գործողությունների պատճառով Ապարան քաղաքի բոլոր զոհված զինծառայողներին հուղարկավորել են հերոսների պանթեոնում։

Հայկական կողմից զոհվել է 329 զինծառայող։ Ապարան քաղաքից հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվել են Վահագն Սարգսյանը, Սերյոժա Փանոսյանը, Վահրամ Հովհաննիսյանը, Վահրամ Խարատրյանը, Գոռ Մանուկյանը, Համլետ Սարգսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ