Կորոնավիրուսի դեպքերն ավելանում են․ ԱՆ-ն կոչ է անում կանոնները պահպանել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության աճի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ:

Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:

Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 718 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 1306 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1306-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 202 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45312, փաստացի բուժվողներինը՝ 7855 (մեկ օրում ավելացել է 507-ով): Մեկ օրում արվել է 3656 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 316479 թեստ: 

--00—ՄՀ