Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հստակ և խիստ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News 

Ֆրանսիա

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում:

«Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ հստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողությունները:

ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է շահագրգռված լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: «Չի կարելի այսպես` «մենք ուզում ենք հրադադար, բայց...», դա չի լինելու: Դադարեցվում է կրակը, սկսվում են բանակցություններ, որպեսզի համաձայնության հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թույլ կտա կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը` հիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր նաև, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում, ինչը սպառնում է միջազգայնացնել հակամարտությունը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ