Գիտեն, որ հարվածում են բնակելի տների, բայց դա նրանց չի կանգնեցնում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

տուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցի շրջանակում ներկայացրել է՝ ինչպիսի վիճակում է հրետակոծված Ստեփանակերտը:

Թեմայի վերաբերյալ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Spiegel - Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:

Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:

Հարցազրույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ