ԼՂ հակամարտության գոտում ռազմագործողությունների արտաքին հրահրումը պետք է դադարի. Հունաստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Հունաստան

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միցոտակիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված մտահոգիչ և ողբերգական զարգացումները, շարունակվող արյունահեղությունը, որը բացի հումանիտար հարթությունից, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:

«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ