Ադրբեջանի պատերազմական հանցագործությունը պիտի գնահատական ստանա․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

ԵԱՀԿ

ԵԱՀԿ Մշտական խորհրդում Հայաստանի պատվիրակության նախաձեռնության քննարկվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտար զինված գրոհայինների ուղղակի ներգրավվածությամբ ագրեսիայի հարցը։ 

Ս․թ․ հոկտեմբերի 8-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Հայաստանի նախաձեռնությամբ օրակարգում ներառվեց և քննարկվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտար զինված գրոհայինների և ջիհադիստների խմբերի ուղղակի ներգրավվածությամբ ագրեսիայի հարցը։

Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մասնասվորապես, նշեց․

1․ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի թե քաղաքական և թե ռազմական ներգրավվածությամբ, ինչպես նաև օտարերկյա ահաբեկիչ զինյալների և ջիհադիստների մասնակցությամբ, զուգորդվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, և այլ քաղաքների և բնակավայրերի, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծություններով՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված զինատեսակների կիրառմամբ։

2․ Ադրբեջանի «այրված հողի» մարտավարությամբ նպատակ ունի իր հայրենիքից դուրս մղելուն Արցախի բնակչությանը և ոչնչացնել ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտման քաղաքականություն։

3․ Ադրբեջանի ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում այդ երկրում պետական մակարդակով որդեգրված հայատյացության քաղաքականության շարունակությունն է։ Դեսպան Պապիկյանը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հայերի հասցեին արված արտահայտությունները, որոնք ահաբեկիչներին և ջիհադիստներին վայել բառամթերք են պարունակում։

4. Թուրքիայի աջակցությունից քաջալերված՝ Ադրբեջանի իշխանությունները կարծում էին որ իրավունք ունեն վայրագություններ իրականացնելու, սակայն միջազգային հանրության խիստ և միահամուռ դատապարտումը վկայում է որ նրանք սխալվել են։

5․ Ադրբեջանի այս պատերազմական հանցագործությունը դեռ պետք է իր գնահատականը ստանա։ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ժամանակավոր միջոց կիրառել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինի ուղղակի ներգրավվածությունը և դերը։ ՄԻԵԴ-ը, երկու երկրների պարագայում էլ Հայաստանի ներկայացրած հիմնավորումները և փաստարկներն ընդունելով, որոշում է կայացրել ժամանակավոր միջոցի կիրառելու մասին։

6․ Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը, դեսպանը նշեց, որ ագրեսիայի առաջին իսկ օրվանից, և դրանից առաջ էլ, Թուրքիան ռազմա-քաղաքական բնույթի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Ռազմական գործողությունների ժամանակ թուրքական օդուժն ակտիվորեն մասնակցել և աջակցել է ադրբեջանական բանակին՝ օգտագործելով իր հրամանատարա-հսկողական կարողությունները։ Դեսպան Պապիկյանը խոսեց նաև թուրքական F16 կործանիչների գործողությունների, այդ թվում ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈՒ25 օդանավը խոցելու մասին, ինչպես նաև ռազմական գործողությունների և քաղաքների և բնակավայրերի հրետակոծման օդային ապահովման կառավարումը Թուրքիայի կողմից իրականացնելու մասին։

7․ Դեսպանն անդրադարձավ նաև օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլիի Բաքու կատարած այցին, նշելով որ հակառակ միջազգային հանրության սպասելիքների և հորդորների, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ եկել է Բաքու իր երկրի անվերապահ աջակցությունը վերահաստատելու համար։

8․ Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից վարձաց և Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստ խմբավորումների խնդրին։ Այս առումով նշվեց, որ միջազգային մամուլը լայնորեն լուսաբանել է այս հարցը, հրապարակելով բազում ապացույցներ։ Թուրքիայի կողմից վարձված զինյալները հիմնականում ՄԱԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառված խմբավորումներից են և ահաբեկիչների նման մասայական ներթափանցումը Հարավային Կովկաս աղետալի հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Այս առումով նշվեց նաև, որ հայկական կողմի տեղեկությունների համաձայն զինյալ գրոհային վարձկանների աշխարհագրությունը միտում ունի ընդլայնվելու՝ ներառելով Աֆղանստանում և Պակիստանում գործող խմբավորումները։

9․ Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտեց, որ Արցախի Պաշտպանության բանակն այսօր մարտնչում է Թուրքիայի և Ալիևի ռեժիմի կողմից հովանավորվող միջազգային ահաբեկչության դեմ՝ լիովին գիտակցելով ահաբեկիչ գրոհայինների և ջիհադիստների Հարավային Կովկասում հայտնվելու հետևանքները տարածաշրջանի խաղաղության և անվտանգության տեսանկյունից։

10․ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ջանքերին։

11․ Հաշվի առնելով, որ Թուրքիան այսօր հիմնական ապակայունացնող ուժն է տարածաշրջանում և հետևաբար չի կարող դիտվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի վստահելի և հավասարակշռված անդամ։ Հաշվի առնելով նաև Թուրքիայի իշխանությունների կողմից արված հայտարարությունն առ այն, որ Թուրքիան հակամարտության կողմ է, Հայաստանը Թուրքիային այլևս չի դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։

12․ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական ագրեսիան։ Եվ Թուրքիան պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների դուրս բերի տարածաշրջանից իր զինված անձնակազմը, ինչպես նաև իր հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և ջիհադիստներին։

13․ Հաշվի առնելով Ադրբեջանի և նրա հետ կապակցված ահաբեկչական խմբերի ջանքերը Արցախի ժողովրդին բնաջնջելու ուղղությամբ, այսօր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը առավել քանի օրհասական է։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ