Տիգրան Սարգսյանի նոր ծրագիրը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ազատ տեղաշարժի հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

տիգրան

Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կազմակերպության անդամ պետությունները հավանություն տվեցին «Ճանապարհորդում եմ առանց Covid-19»-ի  ծրագրին, որը ստեղծվել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից։ Ծրագրի մասին նաև բավական բարձր արտահայտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա համավարակի պայմաններում զգալիորեն հեշտացնել մարդկանց տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում։ 

Եվ այսպես, ինչ է նշանակում «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» ծրագիրն ու ինչ հնարավորություն է այն ստեղծում ՀՀ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիների համար։ ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ում ղեկավարմամբ էլ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է այս ծրագիրը, նշում է, որ այն գործիք է, որը հնարավորություն կտա վերագործարկել ազատ տեղաշարժի հնարավորությունը համավարակի պայմաններում։ 

«Մենք առաջարկում ենք համավարակի պայմաններում քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնման բացառիկ լուծում։ Այս հավելվածը իջեցնում է ինֆեկցիայի տարածման հնարավորությունը, ստեղծում հավելյալ վստահություն ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ու կրճատում թղթաբանությունը», - նշել է Տիգրան Սարգսյանը։ 

Ըստ Սարգսյանի՝ նմանատիպ ծրագիրներ ԵԱՏՄ տարածքից դուրս դեռ գտնվում են քննարկման փուլում։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարկվող ծրագրի համաձայն՝ հատուկ մասնագիտացված լաբորատորիաները կորոնավիրուսի առկայության մասին պատասխաններն ուղարկելու են ՀՀ-ի և ՌԴ-ի սահմանային անցակետեր թվային տեխնոլոգիաների միջոցով։ Եթե պատասխանը բացասական է, ապա քաղաքացին հանգիստ կարող է հատել սահմանը։

--00—ԼՄ