Ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտերը․ հարավում առավել թեժ են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

մարտեր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված։

Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր:

Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ