Տորոնտոյի քաղաքապետը մտահոգ է ԼՂ-ում բնակավայրերի ռմբակոծությամբ, աջակցում է հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Տորոնտո

Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն այս մասին նշել է իր հայտարարությունում: «Ես խորապես տագնապած և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող հակամարտության համար: Շատ անհանգստացնող տեղեկություններ են եղել բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների մասին: Հուսով եմ, որ այս բռնությունները կավարտվեն և շուտով կհաջորդի հրադադարը»,-նշել է նա:

Քաղաքապետը հայ համայնքի հետ սգում է Տորոնտոյի նախկին բնակիչ Քրիստափոր Արթինի մահը:

Ջոն Թորին շեշտել է. «Տորոնտոյի հայ համայնքի ուժեղ ջատագովն եմ և հասկանում եմ այն ցավն ու վիշտը, որ այս շարունակական բռնությունը պատճառում է համայնքին»:

Քաղաքապետը նաև աջակցում է դաշնային կառավարության որոշմանը՝ դադարեցնելու ռազմական անօդաչու թռչող սարքերի արտահանումը: «Ես գիտեմ, որ նրանք պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել՝ իրավիճակը կայունացնելու և դեպի խաղաղություն շարժվելու համար: Ես դատապարտում եմ այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև կամ ռազմական տեխնիկայի կիրառում և միանում եմ բազմաթիվ կոչերին, որոնք  մինչ այժմ արվել են ՝ խրախուսելու բանակցային խաղաղ կարգավորումը, անհապաղ հրադադարը և այս տարածաշրջանում քաղաքացիական անձանց պաշտպանությունը»,-նշել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ