Արցախի մշակույթը՝ համաշխարհային ժառանգության գանձարանում. ԿԳՄՍՆ-ն նոր նախաձեռնություն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

կգմսն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ:

Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձին տեղն է զբաղեցնում, և այն պետք է պահպանվի, հանրահռչակվի և փոխանցվի սերունդներին:

Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով: Որպես գրչության կենտրոններ հռչակված էին Գանձասարը, Խադավանքը, Դադիվանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբա, Երից մանկանց, Եղիշե առաքյալի վանքերը, Ավետարանոցի Կուսանաց անապատը, Գանձակը: Այս կենտրոններում գրվել, ծաղկազարդվել ու պահպանվել են պատմական, փիլիսոփայական, մեկնողական, կրոնական, ծիսական բովանդակությամբ բազմաթիվ ձեռագիր մատյաններ, որոնց հիշատակարանները նաև պատմական նյութեր և ուշագրավ տեղեկություններ են պարունակում Արցախի պատմության ու հոգևոր կյանքի վերաբերյալ, իսկ ծաղկազարդված ձեռագրերը իրենց նկարազարդման յուրահատկությամբ և ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի և նրա բարձր զարգացածության մասին:

Որպես գրչության կատարելագործում՝ 18-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է հայկական կազմարարությունը: Կաշվե կազմերի ձևավորման և զարդարման, կազմարձանագրությունների արտահայտման ինքնատիպ սկզբունքներով առանձնանում է Արցախ-Ուտիքի դպրոցը, որի ներկայացուցիչներ տեր Ղազար, տեր Մխիթար և տեր Մեսրոպ կազմարարները ձեռագրերի կազմեր են պատրաստել Գանձասարում, Երից մանկանց և Պտկի Սբ. Գևորգ վանքերում, Չարեք անապատում, Ջալեթ գյուղում, Գանձակում գրված ձեռագրերի համար։ 27 ձեռագրակազմերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեր Ղազար կազմարարը Գանձասարի վանքին կից ստեղծել է կազմեր պատրաստելու արհեստանոց, որտեղ էլ սովորել են մյուս երկու կազմարարները։ Այդ դպրոցի կազմերին բնորոշ են ծաղկադրոշմները, զարդապատկերները, ինչպես նաև ձեռագրերի լուսանցակողերի կապույտ գույնը։

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է, և այսկերպ միջազգային հանրությանը կոչ է արվում պաշտպանել և պահպանել այն՝ որպես համաշխարհային բարօրությանը հասնելու միջոց. մշակութային ժառանգությունը նպաստում է համաշխարհային խաղաղությանն ու փոխընկալմանը, պահպանում մարդկության հիշողությունը:

--00—ԼՄ