Միջազգային արձագանքը փաստում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի նկատմամբ վստահությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

լավրով

Հնարավոր համարո՞ւմ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդական դեր ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը: Այս հարցին պատասխանելով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց՝ հոկտեմբերի 10-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է այս ձևաչափի անփոփոխությունը:

Լավրովը նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավական մեծաթիվ է, սակայն միայն երեք համանախագահի է տրվել միջնորդական դերը, իսկ բոլոր վերջին օրերին միջազգային արձագանքը փաստում էր այդ մանդատի նկատմամբ վստահությունը:

«Մենք պնդում ենք ձևաչափի ու գործընթացի անփոփոխություն, և հոկտեմբերի 10-ի հայտարարությամբ հաստատեցինք հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերին՝ այն սկզբունքներով, որ մշակել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սա, կարծում եմ, սպառիչ պատասխան է: Ալիևը ևս ողջունեց այս հայտարարությունը, ես կապվել եմ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, նրան տեղեկացրել, որ հուսով ենք աջակցություն ստանալ մեր ջանքերին, նրանք դա հաստատել են, հիմա մնում է՝ այս ամենն իրական կյանքում գործի»,- ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ իսկապես ներկա ձևաչափին հավատարմությունը վերահաստատվել է վերջին հայտարարությամբ:

«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ արդյունավետ ձևաչափն է, մեզ համար երբեք կասկած չի առաջացրել, նաև հիմա մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել այս ձևաչափով: Մենք կհանդիպենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Դուք հասկանո՞ւմ եք՝ այն, ինչ տեղի է ունենում ԼՂ-ում, այդ ագրեսիան, այն իրավիճակը, որի մեջ է ԼՂ-ն, բավական լուրջ ազդեցություն է ունենում մեր աշխատանքի վրա, բայց մեր աշխատանքը շարունակվում է, քանի որ մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ այս հարցի ռազմական լուծում չկա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան կարող է դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, Մնացականյանը արձագանքեց.

«Թուրքիայի ակտիվ դերակատարումը դրսևորվում է Ադրբեջանին ակտիվ ռազմական օժանդակությամբ և զինյալների ներկայությամբ, իսկ նման դերակատարումը չենք կարող ողջունել»:

--00--ԱԹ